Նիկոլ Փաշինյանի՝ աշակերտներին ուղղված «Լավ սովորիր, որ լավ ապրես» ուղերձը առաջին հայացքից թվում է պարզ և սովորելը խրախուսող արտահայտություն։ Սակայն, երբ այն ենթարկում ենք խորքային վերլուծության և դիտարկում ազգային ռազմավարության տեսանկյունից, ի հայտ են գալիս մի շարք մտահոգիչ և վտանգավոր հանգամանքներ։
Սա ոչ թե պարզապես մանկավարժական պարզամիտ հորդոր է, այլ խորը գաղափարական շեղում՝ հայի տիպի, ազգային ոգու և պետականության ընկալման ձևախեղում։
«Լավ սովորիր, որ լավ ապրես» դոկտրինան բխում է զուտ լիբերալ-գլոբալիստական մտածողությունից։
Այն նպատակ չունի կերտելու ազգային կերպար, հայրենասեր քաղաքացի, հավատացյալ մարդ կամ մշակութային ժառանգության կրող։
Այն կերտում է հարմարեցվող, հեշտ ինտեգրվող, շուկայական պահանջներին համապատասխան մարդ-սպառող, որը սովորում է ոչ թե ծառայելու իր հայրենիքին, այլ «լավ ապրել» բոլոր միջավայրերում։
Այս մոտեցմամբ սերմանվում է հետևյալ ուղերձը.
«Քո առաքելությունը լավ ապրելն է, ոչ թե Հայրենիք ունենալը»։
Ստեղծվում է մի նոր արժեքային համակարգ, որտեղ մարդը սովորում է՝ ոչ թե ճշմարտությունը փնտրելու, ազգային արժեքները ճանաչելու կամ Աստծո պատվիրաններով ապրելու համար, այլ սովորում է իբր թե անձնական բարեկեցության համար։
Եթե առաջնորդվենք այս կոնցեպտով, ապա գալիս ենք հետևյալ տրամաբանական եզրակացությանը՝ հնարավոր է գերազանց սովորել, լեզուներ իմանալ, տեխնոլոգիաների մեջ փայլել ու «լավ ապրել», օրինակ, լինելով Թուրքիայի կամ Ադևբեջանի կազմում։
Սա է այս «անվնաս» հնչող խոսքի իրական մեսիջը՝ հողից կտրված, սեփական մշակույթից օտարված, արժեքազուրկ մարդու գաղափար։
Մինչ Հայաստանի ղեկավարը փորձում է մատերիալիստական ուղերձներով կերտել ապազգային և անձնական շահի վրա հիմնված սերունդ, աշխարհում սկսում է արմատանալ հակառակ շարժումը։
Ազգերը գիտակցում են, որ առանց ազգային ինքնության պետությունները վերածվում են կառավարվող տարածքների։ Ահա միայն մի քանի օրինակ.
1.ԱՄՆ․ Դոնալդ Թրամփի MAGA «Make America Great Again» կարգախոսը՝ որպես ազգային ինքնության վերակենդանացման շղթայի մեկնարկ։
2.ՌԴ․ Վլադիմիր Պուտինի թիվ 906 հրամանագիրը՝ Ռուսաստանի ազգային-հոգևոր արժեքների ամրապնդման մասին, որպես պետական ռազմավարություն։
3.Ֆրանսիա․ Մարի Լե Պենը ներկայացնում է ազգային պահպանողականության հաղթարշավը՝ հիմնված ինքնության, քրիստոնեական ժառանգության և ինքնիշխանության վրա։
4.Գերմանիա․ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դարձել է քաղաքական դաշտի երկրորդ ուժը՝ հենց ազգային գաղափարախոսության շնորհիվ, և հավանական է, որ առաջիկայում դառնա առաջինը։
Այս ցանկը կարելի է երկար շարունակել։
Այս պետությունները հասկացել են ճշմարտությունը՝ ոչ մի բարեկեցություն չի կարող լինել, եթե այն հենված չէ ազգային ինքնության վրա։
Իսկ Նիկոլ Փաշինյանի ուղերձը հակառակն է՝ բարեկեցություն հանուն ինքնության վերացման։
Ցավոք, Նիկոլ Փաշինյանը ոչ թե առաջնորդվում է ազգային ռազմավարությամբ, այլ սեփական չլուծված ներաշխարհի պրոյեկցիայով։
Նրա մոտ առկա է չստացված ծանր մանկության, կոտրված ինքնության և չընդունվածության զգացումը, որը նա փորձում է պրոյեկտել ողջ ազգի վրա՝ իր բարդույթները մատուցելով որպես դասագրքային ճշմարտություններ ։
Իհարկե, ազգային պետությունը չի կարող գոյատևել աղքատության մեջ։
Բարեկեցությունն անհրաժեշտ է, սակայն այն պետք է լինի ազգային և հոգևոր հիմքով կայունացած բարեկեցություն, ոչ թե ապազգային՝ շուկայում պատահական հաջողության արդյունք։ Կենսամակարդակը կարևոր է, բայց միայն այն ժամանակ, երբ այն ծառայում է ազգին, պետությանը, մշակույթին, հավատքին ու սրբություններին։
Իրական ուղերձը պիտի լիներ․
«Լավ սովորիր, որ ծառայես քո ազգին, հզորացնես հայրենիքդ, և ապրես արժանապատիվ՝ ի փառս Աստծո»։
Բայց դա Փաշինյանին և նրա շրջապատին խորթ է։
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հ.Գ.
Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման